Արտոնագրում

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք /հատված/

Հոդված 14. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրումը

  1. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, ճարտարապետություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:
  2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ ուսուցման ծրագրերով կարող է լրացվել սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքային փորձառության պակասը՝ հավասարեցնելով մեկ տարվա համար նախատեսված ուսուցման ծրագիրը մեկ տարվա աշխատանքային փորձառությանը:
  3. Սույն օրենքի իմաստով աշխատանքային փորձառություն է համարվում որևէ արտոնագրված ճարտարապետի ենթակայությամբ կամ ինքնուրույն իրականացված մասնագիտական, այդ թվում` առանց արտոնագրի թույլատրվող աշխատանքը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ճարտարապետների իրականացրած մասնագիտական աշխատանքը:

Հոդված 15. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումը

  1. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումն իրականացվում է սույն օրենքի 14-րդ հոդվածով ճարտարապետների արտոնագրման համար սահմանված կարգով:
  2. Ճարտարագետ-կոնստրուկտորի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, ճարտարագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և մասնագիտական առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:
  3. Ճարտարագետ-կոնստրուկտորի աշխատանքային փորձառությունը կարող է ձեռք բերվել միայն ճարտարապետական կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող արտոնագրված անձի մոտ կամ կազմակերպությունում մասնագիտական աշխատանք կատարելով:
  4. Արտոնագրի հավակնորդ ճարտարագետ-կոնստրուկտորն իր աշխատանքային փորձառությունը հավաստում է Պալատի կանոնադրությամբ սահմանված տեղեկատվության ներկայացմամբ: